Երևանի ճոպանուղին այլևս պատմություն է…

DSC_7973

Լրագրող Գայանե Խաչատրյանը «Русское Радио» ռադիոկայանում  աշխատելու տարիներին  քաղաքի կենտրոնից Նորք-Մարաշ թաղամասի «Նաիրի» հյուրանոցի շենքում գտնվող խմբագրություն հասնելու համար ընդամենը մի քանի րոպե էր ծախսում: Մինչև 2003 թ. ամենօրյա աշխատանքի գնալու համար նա հիմնականում երկու տարբերակ ուներ՝ 22 համարի երթուղին և Երևանի ճոպանուղին, որոնցից ընտրել էր երկրորդը, քանի որ այն ավելի հարմար էր՝  արագ, մատչելի, հաճելի…

Քաղաքի կենտրոնը ծայրամասերից մեկի՝ Նորքի հետ կապող Երևանի ճոպանուղին ժամանակին էկոլոգիապես մաքուր, շատ արագ ու մատչելի տրանսպորտային միջոց էր համարվում: Հերացու փողոցից դեպի Նորք ուղիղ տրանսպորտային կապ ապահովող Երևանի միակ ճոպանուղին շահագործման է հանձնվել 1967 թ.-ին և աշխատել 37 տարի…

Երևանի Ճոպանուղու Կենտրոնի կայան 1970թ.

Երևանի Ճոպանուղու Կենտրոնի կայան 1970թ.
Լուսանկարը՝ HinYerevan.com

Այդ տարիների ընթացքում կենտրոնից դեպի Նորք հասնելու համար երևանցիներին ու քաղաքի հյուրերին ընդամենը 2,5-3 րոպե էր անհրաժեշտ: Ավագ սերունդը կարոտով ու ափսոսանքով է հիշում երբեմնի գործող ճոպանուղին, իսկ փոքր սերնդի ներկայացուցիչների հիշողության մեջ պահպանվել են դրա կառամատույցներում ձգվող հերթերն ու կարճ, բայց հաճելի ուղևորությունը…

«Ճոպանուղու աշխատելու տարիներին դրանից օգտվելը շատ հարմար էր, հատկապես որ նախկինում տրանսպորտը վատ էր աշխատում՝ միայն մեկ երթուղի էր գործում: Հետագայում տրանսպորտային երթուղիներն ավելացան, սակայն կենտրոն հասնելու համար պետք էր երկար սպասել երթուղայինի, ինչից հետո ոչ բոլորն էր հաջողվում նստել, իսկ ճոպանուղին ավելի արագ էր ու հարմար ՝ մի քանի րոպեում արդեն կենտրոն էինք կարողանում հասնել: Հատկապես շատ էր ճոպանուղուց օգտվում աղջիկս, ով ԵՊՀ-ի ուսանող էր»,- հիշում է Նորքի 40 – տարվա բնակչուհի տիկին Նվադը:

Երևանի Ճոպանուղի 1981թ.

Երևանի Ճոպանուղի 1981թ.
Լուսանկարը՝ HinYerevan.com

Ճոպանուղին որպես տրանսպորտային միջոց այնքան շատ էր կիրառվում, որ դեռ խորհրդային տարիներին մտադրություն կար կանգառը հասցնել դեպի Նորքի 9-րդ զանգված: 90 – ականների մութ ու ձյունառատ տարիներին, երբ տրանսպորտը գրեթե բացակայում էր, այն հատկապես կարևոր էր: Ինչպես բազմիցս նշում էր ճոպանուղու տնօրինությունը, 90 – ականներին այն չի աշխատել ընդամենը 6 ամիս: Ի դեպ, նախկին աշխատակիցների խոսքերով, այդ տարիներին հաճախ էր պատահում, երբ էլեկտրականության անջատման պատճառով ճոպանուղու վագոնը մնում էր կես ճանապարհին, և աշխատակիցները ստիպված էին լինում ձեռքով քաշելով այն տեղ հասցնել:

Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին: Սիրված էր այն նաև զբոսաշրջիկների կողմից, չէ՞ որ բացի Նորքի Տուրբազա հասնելու համար հարմար տրանսպորտային միջոց լինելը, այն նաև քաղաքի համայնապատկերով հիանալու հրաշալի միջոց էր…

Երևանի Ճոպանուղու Կենտրոնի կայան 1983թ.

Երևանի Ճոպանուղու Կենտրոնի կայան 1983թ.
Լուսանկարը՝ HinYerevan.com

90-ականներից հետո էլ, սակայն, ճոպանուղին իր կարևոր դերն էր կատարում ՝ տարբեր տարիներին օրական տեղափոխելով 400-500 ուղևորների: Ի դեպ, նրանցից մոտ 20-30%-ը, ինչպես ժամանակին հարցազրույցներում նշում էր «Երևանի ճոպանուղի» ընկերության տնօրենը, անվճար հիմունքներով էին երթևեկում, որոնց երթևեկության համար պետությունը 1999 թվականից ի վեր չէր վճարում, ինչի հետևանքով 2003 թ. տվյալներով պետության պարտքը «Երևանի ճոպանուղի» ընկերությանը հասել էր 7,000,000 ՀՀ դրամի: Ի դեպ տնօրինության հավաստմամբ ճոպանուղին յուրաքանչյուր տարի տեխնիկական զննման էր ենթարկվում, իսկ տեխնիկական վերջին զննումն ու վերանորոգումն արվել էր 2003 թ.: Սակայն 2004 թ. ողբերգական դեպքը ստիպեց բոլորին կասկածի տակ առնել դա…

2004 թ. ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկավ Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացան հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացան ծանր մարմնական վնասվածքներ:

Դեպքի առնչությամբ 2004թ. սեպտեմբերից սկսված դատավարության միակ մեղադրյալը «Երևանի ճոպանուղի» ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանն էր, որ մեղադրվում էր 2003 թ. փետրվարին կատարված վերանորոգումը անփութորեն և անորակ նյութերով անցկացնելու մեջ: Մեղադրական եզրակացության դրութներին չհամաձայնելով հանդերձ, նա այնուամենայնիվ, նիստերից մեկի ընթացքում ամողջովին ընդունեց մեղքը: Նույն 2004թ. հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի որոշմամբ Երևանի ճոպանուղում տեղի ունեցած վթարը որակվեց որպես տեխնիկական անհրաժեշտ նորոգում չիրականացնելու հետևանք և Գրիգոր Ջանյանը 5 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց: 2004 թ. վթարից հետո ճոպանուղին դադարեց աշխատանքն ու այլևս չշահագործվեց…

Ճոպանուղու Կենտրոնի կայանի այժմյան տեսքը

Ճոպանուղու Կենտրոնի կայանի այժմյան տեսքը

Այսօր Երևանի ճոպանուղու տեսքը կարելի է անմխիթար անվանել ` ջարդված կամ բացակայող ապակիներ, լքված ու փոշու մեջ կորած սենյակներ, ամբողջությամբ ավերված ու թալանված կայաններ՝ շրջապատված աղբանոցով… Վերջին տարիներին խոսակցություններ էին պտտվում ճոպանուղու հնարավոր վերակառումցան վերաբերյալ:

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության տեղեկության համաձայն, վթարից հետո 2007 թ. ճոպանուղին սեփականության իրավունքով ձեռք է բերել քաղաքացի Ռոբերտ Եղիազարյանը: Ճոպանուղու կայանների կառույցների  տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման վերաբերյալ 2007 թ. մայիսի 7-ին  տրված եզրակացության համաձայն շինությունների վերակառուցման աշխատանքների ծախսերը կգերազանցեն  համապատասխան տեխնիկա-տնտեսական արդարացված ծախսերը, ուստի ավելի նպատակահարմար է համարվել կառույցների ապամոնտաժումը և նորի կառուցումը, իսկ կառույցի հետագա շահագործումը համարվել է անհնարին։

Ճոպանուղու Կենտրոնի կայանը շրջապատված է աղբակույտերով

Ճոպանուղու Կենտրոնի կայանը շրջապատված է աղբակույտերով

Ինչպես նշում են Անշարժ գույքի կառավարման վարչությունում, 2009 թ. սեփականատերը դիմել է Երևանի քաղաքապետին՝ հայտնելով իր պատրաստակամությունը՝ կապիտալ ներդրումներ կատարելու, այն ապամոնտաժելու, որպես նոր արդիական կառույց իր բոլոր անհրաժեշտ հարմարություններով կառուցելու համար։ Երևանի Ճոպանուղու վերաշահագործման  հնարավորության հետ կապված խնդիրները  քննարկելու համար 2009 թ. նպատակահարմար է համարվել ճոպանուղու սեփականատեր Ռոբերտ  Եղիազարյանին հրավիրելու Երևանի քաղաքապետարան զրույցի, սակայն վերջինիս հանրապետությունից  բացակայելու և նրա կոորդինատների  բացակայության պատճառով  զրույց տեղի չի ունեցել, իսկ նրա հետ կապ հաստատելու փորձերը ևս արդյունք չեն տվել։

Ճոպանուղու Նորքի կայան

Ճոպանուղու Նորքի կայան

Նորքի բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ թաղամասում այսօր էլ դեռ տրանսպորտի հետ կապված խնդիրներն առկա են, չնայած որ նախկին տարիների համեմատ երթուղայինների քանակն ավելացել է: Տրանսպորտին երկար սպասելու, ինչից հետո երբեմն ուղևորներով լցված տրանսպորտ նստել չկարողանալու խնդիր ունեցող բնակիչներն, այնուամենայնիվ, ճոպանուղու հավանական վերաբացման հարցում միակարծիք են` «չի վերակառուցվի»… Ասում են, թե դժվար է պատկերացնել մի կառույցի վերաբացումը, որի վերակառուցման և շահագործման վրա պահանջվող ծախսերը չեն արդարացնի արդյունքում ստացված եկամուտը և միաբերան նշում, որ անգամ վերականգնելու դեպքում 2004թ. դեպքից հետո ճոպանուղու անվտանգության ապահովության վրա վստահ չլինելով դժվար թե նորից օգտվել ցանկանան:

Ճոպանուղու Նորքի կայան

Ճոպանուղու Նորքի կայան

Այնուամենայնիվ, Նորքի բնակիչների հետ ճոպանուղու մասին զրուցելիս նրանց կողմից «ինչու՞, ուզում են վերականգնե՞լ» բազմիցս հնչող հարցը կարծես կարծիք է ձևավորում այն մասին, որ նրանք միգուցե և ներքուստ սպասում են երբեմնի սիրելի կառույցի վերաբացմանը: «Ճոպանուղին առաջին հերթին, իհարկե, հարմար տրանսպորտային միջոց էր: Բացի այդ, վերևից քաղաքի վրա գեղեցիկ տեսարան էր բացում, այնպես որ, ճոպանուղով երթևեկելը երթուղային տրանսպորտի համեմատ շատ ավելի հաճելի էր»,- նշում է լրագրող Գայանե Խաչատրյանը:

Ինչևէ, Երևանի էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող միակ ճոպանուղին այլևս պատմություն է դարձել, իսկ նրա կայանների ջարդուխուրդ արված կառույցները մեր մանկության հին ու գեղեցիկ Երևանից մնացած հուշերի են վերածվել… Մոտ տասը տարի հետո ուսումնական հաստատություններին մոտ գտնվող Ճոպանուղու հակահիգիենիկ պայմաններում հայտնված կենտրոնական կայանն անգամ չի մաքրվում, իսկ մեզ մնում է  միայն գուշակել, կպահպանվի՞ արդյոք կառույցը թեկուզ որպես հուշարձան, թե՞ այնուամենայնիվ, կվերածվի իր սեփականատիրոջ համար շահույթ ապահովող հերթական առևտրի կենտրոնի կամ սրճարանի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s