Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշը Երևանում

hay arabakan barekamutyan hushardzan 3

Մայիսի 6-ին Երևանյան լճի ափին հավաքված մոտ 40 հայաստանաբնակ և սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներ հավաքվել էին նշելու Սիրիայում և Լիբանանում Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված ազգությամբ արաբ նահատակների հիշատակին նվիրված «Նահատակաց օրը»:

Միջոցառմանը ներկա գտնվողները, չնայած տեղացող հորդառատ անձրևին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների, ինչպես նաև Դամասկոսի առաքելական եկեղեցու նախկին և ներկայիս հոգևոր առաջնորդներ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանի և Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ղեկավարությամբ աղոթեցին առ Աստված՝ նահատակների հոգու խաղաղության և Սիրիայի ներկայիս դժվար կացության մեջ հայտնված ժողովրդի համար…

Արաբ ժողովրդի «Նահատակաց օրվան» նվիրված այդ միջոցառման վայրը պատահական չէր ընտրված: Քաղաքի հենց այդ հատվածում Իսակովի պողոտայի վրա կանգնեցված է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար հայ համայնքների և հայ ժողովրդի երախտագիտությունը խորհրդանշող այս հուշարձանը Երևանյան Լճի ափին հայտնվեց 2009թ., սակայն նրա ստեղծման պատմությունը մոտ 15 տարվա վաղեմություն ունի…

Արաբ ժողովրդի «Նահատակաց օրվան» նվիրված միջոցառում Լուսանկարը` Գևորգ Բարսեղյանի անձնական արխիվից

Արաբ ժողովրդի «Նահատակաց օրվան» նվիրված միջոցառում
Լուսանկարը` Գևորգ Բարսեղյանի անձնական արխիվից

«Հայ ժողովուրդը բարձր է գնահատում արաբ ժողովրդի բարեկամությունը, որ հատկապես փայլեց 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ջարդերի ժամանակ, երբ արաբ ժողովուրդը փրկարար դեր խաղաց ՝ օգնելով ու նոր կյանքի հնարավորություն տալով հայ գաղթականներից շատերին: Հաշվի առնելով դա` 1997թ. մի խումբ սիրիահայ մտավորականներ և Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի ազգային իշխանության ներկայացուցիչներ ՝  հանձինս լուսահոգի Վարուժան Սալաթյանի, Վարդգես Պողոսյանի, Վազգեն Յակուբյանի, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու երջանկահիշատակ առաջնորդ Գնել եպիսկոպոսի և այլոց, նախաձեռնեցին հայոց մայրաքաղաքում հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս հուշարձանի ստեղծումը»,-մանրամասնում է Դամասկոսի առաքելական եկեղեցու առաջնորդարանի ազգային իշխանության անդամ Գևորգ Բարսեղյանը:

Նրա խոսքերով, ծրագրի կյանքի կոչման գործում իրենց լուման ներդրեցին հայաստանաբնակ և սփյուռքահայ ավելի քան 200 բարերարներ՝ ինչպես անհատ, այնպես էլ տարբեր բարեգործական կազմակերպություններ Սիրայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլն…

Արվեստագետ Մկրտչյան եղբայրները Լուսանկարը` Մկրտչյանների ընտանեկան արխիվից

Արվեստագետ Մկրտչյան եղբայրները
Լուսանկարը` Մկրտչյանների ընտանեկան արխիվից

Հայ-արաբական բարեկամության հուշարձանի հեղինակները արմատներով Ջավախքից արվեստագետ Մկրտչյան եղբայրներն են՝ ավագ եղբայր գեղանկարիչ Սերգեյը Մկրտչյանը (ժամանակից շուտ 2002 թ. մահացել է հիվանդության պատճառով), քանդակագործ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններն ու ճարտարապետ Լևոն Մկրտչյանը, որոնք իրենց բոլոր աշխատանքներն իրականացնում են միասին:

«Քաղաքապետարանից արձանը տեղադրելու համար համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո նախաձեռնողները 1998թ. հուշարձանի նախագծի համար մրցույթ հայտարարեցին: Նախնական որոշում էր ընդունվել, որ մրցույթին մասնակցելու թույլտվություն տրվի միայն սփյուռքահայ և տարածաշրջանի արաբական երկրները ներկայացնող ճարտարապետներին, սակայն, ծանոթ լինելով մեր գործունեությանը Սիրիայում, մեզ ևս խնդրեցին մասնակցել»,-հիշում է եղբայրներից Լևոն Մկրտչյանը:

Մկրտչյան եղբայրների գործունեությանը Սիրիայում ծանոթ էին դեռ 1994թ-ից, երբ նրանք հրավիրվել էին Հալեպ՝ «40 Մանուկ» եկեղեցու վրա զարդաքանդակներ անելու համար: Նրանց աշխատանքի բարձր գնահատման արդյունքում պատվերների քանակն այնքան մեծացավ, որ եղբայրները պլանավորվածից երկար մնացին Հալեպում՝ կատարելով տարբեր աշխատանքներ, այդ թվում ՝ եկեղեցիների պատերի հարթաքանդակներ, խաչքարերի և արձանների պատրաստում, մասնավորապես՝ երկրի նախագահի արձանի:

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանի նախագծի մրցույթին եղբայրները ոգևորված ու երկար աշխատեցին, քանի որ իրենց հոգեհարազատ նախագիծ էր, և ներկայացան երեք տարբերակներով՝ հաղթելով մրցույթը դրանցից մեկի շնորհիվ: Մրցույթում հաղթած նախագիծը ժամանակի ընթացքում մշակվեց ու ավելի զարգացվեց, մասնավորապես, ավելացվեց նախնական տարբերակում բացակայող արծվի կերպարը…

«Հուշարձանը տեսքով երեք ծավալներից է բաղկացած: Ծավալներից մեկը արծվի տեսքով ենք պատկերել, որը խորհրդանշում է մեր ժողովրդի ուժը, կամքն ու ոգու հզորությունը և հսկում է մեր անցյալ, ներկա ու ապագա պատմությունը: Մյուս վեր ձգված ծավալը Հայոց Մեծ եղեռնից հետո մեր ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում: Իսկ երրորդ՝ Սիրիայի քարտեզի տեսք ունեցող ծավալը, որ բարեկամության ծավալ անվանեցինք, արդարացնում է այն, ինչի համար և կառուցված է հուշարձանն ու խորհրդանշում է արաբ ժողովրդին իրենց արած գործի համար ունեցած մեր երախտիքը»,- պարզաբանում է Լևոն Մկրտչյանը:

hay arabakan barekamutyan hushardzan 41999 թ. հաղթելով մրցույթն ու ավարտելով իրենց գործունեությունը Սիրիայում Մկրտչյան եղբայրները վերադարձան Հայաստան ՝ հուշարձանի ստեղծման համար նախապատրաստական աշխատանքները սկսելու: Աշխատանքները սկսվեցին, սակայն նախագիծը իրականացնելու ճանապարհին որոշ դժվարությունների հանդիպեցին, մասնավորապես, հետագայում հանգամանքների բերումով պարզվեց, որ նախկինում արձանի համար նախատեսված տարածքը, որտեղ արդեն սկսվում էին հիմնաքարի աշխատանքները, մտնում էր ԱՄՆ-ի դեսպանատանը տրամադրվելիք տարածքի մեջ: Կառավարության հետ բանակցությունների արդյունքում հուշարձանը կառուցելու համար քաղաքապետարանը քիչ հեռու՝ Իսակովի պողոտայի վրա Երևանյան լճի ափին մոտ 400 քմ չափով նոր տարածք տրամադրեց, որը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ 2006 թ. դեկտեմբերին անհատույց օգտագործման իրավունքով տրվեց Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցուն: Նույն տարում էլ վերսկսվեցին շինարարական աշխատանքները ՝ տարածքը ցանկապատվեց ու արձանի տեղադրման համար հատուկ հարթակ կառուցվեց:

Այս ամենի պատճառով նախապատրաստական աշխատանքները նախատեսվածից ավել տևեցին, սակայն մոտ 2 տարվա շինարարական աշխատանքներից հետո 2009 թ. հուշարձանն արդեն պատրաստ էր: Լևոն Մկրտչյանը նշում է, որ նախաձեռնողները արձանի բացումը մեծ շուքով նշելու, անգամ բացմանը Սիրիայի նախագահին հրավիրելու նպատակ ունեին, սակայն, դժբախտաբար, երկրում սկսված իրավիճակի պատճառով դա անհնարին դարձավ: Այնպես որ, հուշարձանի բացումը նույնպես հետաձգվեց և ինչպես նշում է Գևորգ Բարսեղյանը, պաշտոնապես այն բացվեց միայն 2012թ. աշնանը: Այնուամենայնիվ, 2009 թ. հուշարձանն արդեն տեղադրված էր ու իրենց աշխատանքի վերաբերյալ հեղինակները միայն գովեստի խոսքեր էին լսում՝ բոլորը տպավորված էին և հուշարձանն իսկապես հաջողված գործ էին համարում…

hay arabakan barekamutyan hushardzan 2Լևոն Մկրտչյանի խոսքերով , այնուամենայնիվ, լիովին պատրաստ լինելու համար հուշարձանի վրա դեռ որոշ աշխատանքներ կան կատարելու, մասնավորապես, ժամանակին համապատասխան ֆինանսների բացակայության պատճառով հուշարձանի ներքին պատերին նախատեսված զարդաքանդակները դեռ չեն արվել, իսկ արծվի հարթության վրա ներսում մոմեր վառելու համար նախատեսված հատուկ տեղում հեղինակները նպատակ ունեն խաչքար փորագրել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և կարողանան այդ հատվածում մոմ վառել ՝ շնորհակալական աղոթք ասելով արաբ ժողովրդին: Իսկ ամենակարևորը, Սիրիայի քարտեզը պատկերող կտորի վրա անհրաժեշտ է փորագրել այն քաղաքների անունները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները, ինչը նրա կարծիքով կիմաստավորի քարտեզի առկայությունը և լիարժեք կդարձնի հուշարձանը՝ հուշելով նրանց, ով տեղյակ չէ, թե ինչ նպատակով է այն կառուցված:

hay arabakan barekamutyan hushardzan 5«Հուշարձանը մարդու նման իր ճակատագիրն ունի: Որոշ արձաններ շատ արագ են կառուցվում  ու բացվում, որոշներն էլ ՝ շատ երկար ճանապարհ են անցում, ինչպես այս հուշարձանը»,- ասում է Լևոն Մկրտչյանը ՝ հատուկ կարևորելով նախագծի իրականացումը,-«Հուշարձանի բացումը մեծ նշանակություն ունի, նախ՝ արաբ ժողովրդին շնորհակալ լինելու առումով, բացի այդ՝ նման նախագծերը կարող են արաբական երկրներում մեր բազմաթիվ գաղութների դերը բարձրացնելու ապահովության գրավականը լինել: Նույն Սիրիայում հայերի նկատմամբ շատ լավ ու հարգալից վերաբերմունք կա, հատկապես ՝ կառավարության կողմից, այնպես որ արձանի բացումը փոխադարձ հարգանքի նշան էր նրանց»:

Իսկ շնորհակալ լինելու առիթ հայերը Մերձավոր Արևելքի երկրների ժողովրդին իսկապես ունեն. երբ 1914- 15թթ. Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված արևմտահայ բնակչության բռնագաղթի ու զանգվածային կոտորածներից փրկվելու նպատակով մեծ թվով արևմտահայեր հարկադրված լքում էին իրենց հայրենի օջախները, արտագաղթող հարյուր հազարավոր հայերից շատերին, տաբեր երկրների շարքում իր օգնության ձեռքը մեկնեց նաև Մերձավոր Արևելքի երկրների արաբ ժողովուրդը ` ապաստան տրամադրելով և իր աջակցությունը ցուցաբերելով նրանց: Հայերը ոչ միայն կարողացան գոյատևել արաբական երկրներում, այլ նաև հետագայում ոտքի կանգնելու և այդ երկրներում լիիրավ քաղաքացիներ դառնալու հնարավորություն ստացան՝  պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը…

Leave a comment